11/10/2021 18:40
Ցանկացած որոշում կամ գործողություն հօգուտ Դավիթ Տոնոյանի, պետք է մեկնաբանվի որպես գործարքի արդյունք․ Ռուբեն Մելիքյան
«Փաստացի, հրապարակային գործարք է առաջարկվել։ Այս պահից սկսած, ցանկացած որոշում կամ գործողություն հօգուտ Դավիթ Տոնոյանի, պետք է մեկնաբանվի որպես գործարքի արդյունք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությանը։
Այսօր Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը հայտարարել է, որ Տոնոյանը տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի, սակայն այն չի օգտագործում հանրային տիրույթում՝ սեփական պաշտպանության համար: Ըստ փաստաբանների՝ Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը։ Փաստաբանական թիմը միաժամանակ նշել է, որ Տոնոյանը պայքարելու է արդարության, իր անմեղության և բարի համբավի վերականգման համար։
Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծել է, որ այս հայտարարությունը Դավիթ Տոնոյանինն է, փաստաբանները տվյալ դեպքում հանդես են գալիս նրա խոսքը ներկայացնողի դերում։ Ինչ վերաբերում է տեղեկություն հրապարակելուն կամ չհրապարակելուն, ապա ըստ Մելիքյանի, եթե դա հրապարակման ենթակա է, պետք է վաղուց հրապարակեր, եթե հրապարակման ենթակա չէ, ապա երբեք իրավունք չունի հրապարակելու։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ քրեական գործը վերաբերում է ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի պաշտոնավարման տարիներին և չի բացառվում, որ վերջինս ևս հնարավոր է, որ տեղեկացված լիներ գործարքից, մինչդեռ նա գործով չունի մեղադրյալի կարգավիճակ, Մելիքյանը նշել է, որ քրեական վարույթների առանձնահատկությունն այն է, որ տեղեկատվությունը պաշտպանված է լինում նախաքննական գաղտնիքի ինստիտուտով, իսկ այս դեպքում դրան գումարվում է նաև պետական գաղտնիքի ավելի խիստ ռեժիմը, և այդ տեսանկյունից կարելի է ընդամենը ենթադրություններ և կռահումներ անել։
«Ողջամիտ է ենթադրելը, որ Դավիթ Տոնոյանին վերագրվող արարքների կապակցությամբ որոշակի հարցեր պետք է լինեն նաև ներկայիս ԳՇ պետի հասցեին, սակայն դա ընդամենը ենթադրություն կարող է դիտվել, որովհետև տեղեկատվությունը հանրության առջև անհրաժեշտ չափով բացահայտված չէ»,- ասել է Մելիքյանը։
Դիտարկմանը, որ պատերազմի ավարտից հետո շատերը սպասում էին, որ գեներալները կխոսեն, բացահայտումներ կլինեն պատերազմի և պարտության իրական պատճառների մասին, մինչդեռ տեսնում ենք, որ զինվորականները լռում են, Մելիքյանն արձագանքել է, որ պարտությունն ուներ երկու թևեր՝ դիվանագիտական և ռազմական։
«Եթե դիվանագիտության մեջ կարող ենք ասել, որ ամբողջ ծավալով՝ 100 տոկոսով և ավելին, ողջ պատասխանատվությունն անձամբ Նիկոլ Փաշինյանի ուսերին է, ապա ռազմական ոլորտում այդ պատասխանատվությունը և դրա հետ մեղքը ողջ ծավալով կիսում է նաև ռազմական ղեկավարությունը։ Հետևաբար, ակնկալել, որ իրենք ինքնախոստովանական ցուցմունքներ են տալու՝ խոսելով թե՛ իրենց հանցանքների, թե՛ Նիկոլ Փաշինյանի հանցանքների մասին, այնքան էլ ողջամիտ չէ»,- ասել է Ռուբեն Մելիքյանը։