18/10/2021 13:08
Մարդիկ, ովքեր ժամանակին խոսում էին ընտրակաշառքից, այսօր այն ակտիվ կիրառում են, սակայն տեռորը և վախը, սուտն ու կեղծիքը արժանանում են նաև դիմադրության․ պատգամավոր
Երեկվա ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչ մեթոդների է պատրաստ դիմել գործող իշխանությունը՝ իր գոյությունը շարունակելու համար, դիտարկելով կիրակի կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքը՝ կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Երեկ տոտալ վախի մթնոլորտ էր՝ համեմված ստով ու կեղծիքով։ Ակնհայտ է, որ մարդիկ, ովքեր ժամանակին խոսում էին ընտրակաշառքից, այսօր այդ գործիքն ակտիվ օգտագործում են։ Բազմաթիվ լրատվամիջոցներում հրապարակվել է, թե ինչպես են ՔՊ-ականները հենց փողոցում գումար բաժանում, ինչպես են իրենց մարզպետները օգնության և օժանդակության անվան տակ քաղաքացիներին ընտրություններից 1-2 օր առաջ տրամադրել գումարներ, ինչպես էին երեկ տեռորով փորձում վախեցնել բոլոր համայնքներում գործող ընդդիմադիրներին, ովքեր իրենցից ներկայացնում էին ուժ և կարող էին խնդիր ստեղծել իշխանության համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը։
Նա մատնանշեց նաև ձերբակալությունների, բերման ենթարկելու, ընդդիմության շտաբային աշխատանքները խափանելու դեպքերը՝ նշելով, որ իրավապահները շարունակում են կատարել օրենքի հետ կապ չունեցող հրահանգներ՝ Փաշինյանի ցանկությունները կյանքի կոչելու համար, իսկ, ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 17-ին կրկնվեց այն, ինչին հասարակությունն ականատես էր եղել հունիսի 20-ին։
Չնայած այս ամենին՝ համայնքներ եղան, որոնք, պատգամավորի խոսքով, իրենց հակազդեցությունը ցույց տվեցին իշխանության այսպիսի գործելաոճին։
«Տեռորը և վախը, սուտը և կեղծիքը տալիս են նաև հակազդեցություններ և որոշ համայնքներում, չնայած ողջ վարչական լծակին, չնայած անհամարժեք ֆինանսական օժանդակությանը, որն իր բնույթով ուղղակի պարզունակ ընտրակաշառք էր, այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացիներն իրենց տեղական ընտրություններում կարողացան ցույց տալ հակազդեցություն։
Ականատես եղանք փաստացի դիմադրության․ այնտեղ, որտեղ իշխանությունը երեկ չի կարողացել հասնել իր ցանկացած հաջողությանը, դա պարզապես քաղաքացիների դիմադրության արդյունք է եղել, քանի որ իշխանության կողմից որևէ հնարավորություն բաց չի թողնվել՝ օգտագործելու բոլոր լծակները, որպեսզի ցույց տան, որ Հայաստանում կարող են անել այն, ինչ ուզում են՝ անկախ օրենքից և օրինականությունից»,- ասաց Աննա Մկրտչյանը։