25/10/2021 15:18
Դատավոր Սերգեյ Մարաբյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ որոշումը վերջնական է ու ընդունվել է միաձայն։
Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի՝ Ժիրիկ Սիրեկանյանի խափանման միջոցը փոխելու համար։
Դատարանը, քննելով Սիրեկանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, որոշել էր բավարարել այն, ինչը պաշտպանության կողմը վիճարկել է։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբանի բողոքը՝ բեկանելով Սիրեկանյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել դատախազությունը, որի արդյունքում այն բեկանվել էր։ Վճռաբեկ դատարանի սույն որոշումից հետո դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել։