26/10/2021 19:50
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն առայժմ բավականին հեռու է, որովհետև այս պահին Հայաստանն առավել քան անկարող վիճակում է. քաղաքագետ
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն առայժմ բավականին հեռու է, որովհետև այս պահին Հայաստանն առավել քան անկարող վիճակում է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի արտահատած այն մտքին, որ թեև երկար ու դժվարին պայքարով, սակայն հնարավոր է լինելու հասնել ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը և Արցախի անկախության միջազգային ճանաչմանը:
«Բայց Արցախի կարգավիճակի և միջազգային ճանաչման մասին անընդհատ խոսելը ողջունելի է, որովհետև այդ թեման, արտաքին դիվանագիտությունից զատ, պետք է լինի նաև բոլորիս ամենօրյա խնդիրը՝ ինչպես խոսույթի, այնպես էլ գործողությունների մակարդակում»,- ասաց քաղաքագետը։
Սուրեն Պետրոսյանի համոզմամբ՝ արցախցիները պետք է շենացնեն իրենց հայրենիքը, որովհետև հողը պատկանում է նրան, ով այդ հողի վրա ապրում է։
«Իսկ այն մարդիկ, որոնք քաղաքականության մեջ են և կարող են իրենց չնչին լուման ներդնել Արցախի միջազգային ճանաչման գործում, պետք է մշտապես արտահայտեն համոզմունքը, որ Արցախը պետք է լինի հայկական։ Սակայն պետք է հասկանալ, որ Արցախի՝ միայն հայկական լինելը բավարար չէ։ Պետք է անընդհատ հիշեցվի կարգավիճակի մասին։ Սա պետք է արտահայտված լինի բոլորիս խոսքում, գործողություններում և նպատակներում»,- ամփոփեց Սուրեն Պետրոսյանը։