26/10/2021 18:52
«Ասում եմ` ինչո՞ւ եք հարվածում մեքենային, ծիծաղում է, ասում է` լավ եմ անում»․ մոտ 20 ադրբեջանցի կանգնեցրել է Գորիսի բնակչի ավտոմեքենան, հայհոյել նրան, հարվածել ավտոմեքենային (Տեսանյութ)
Այսօր Գորիս֊Կապան միջպետական ճանապարհին մոտ 20 ադրբեջանցի կանգնեցրել են Գորիսի բնակիչ Արտյոմ Համբարձումյանի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան,հարվածել մեքենային,հայհոյել։
Այս մասին Tert.am-ին պատմել է Արտյոմ Համբարձումյանը։
«Մոտ 20 ադրբեջանցի կանգնեցրել են մեքենաս, խփել են մեքենային, իրենց լեզվով են խոսել չեմ հասկացել, ռուսերեն երկու բառ են ասել, հայհոյել են։ Ասում եմ` ինչո՞ւ եք հարվածում մեքենային, ծիծաղում է , ասում է` լավ եմ անում, իբր ուզում է ասի` ի՞նչ էիր սպասում» ,֊ ասել է Համբարձումյանը։
Արտյոմ Համբարձումյանը մանրամասնել է, որ ռուս խաղաղապահներն իրենից մոտ 50 մետր ներքև են եղել. «Իրենց էլ ասացի` ախպերական, խնդրում եմ, դու նրանց չես ճանաչում, ասաց` կասեմ։ Մեր ԱԱԾ֊ին էլ եմ ասել, էդ հատվածում տեղակայված են»,- ասել է քաղաքացին։
Հարցին՝ ինչպես է կարողացել է շարունակել ճանապարհը, Համբարձումյանը պատասխանել է, որ այլ մեքենաներ են եկել այդ ճանապարհահատվածով, ադրբեջանցին փակել է իր մեքենայի դուռը, մյուսներն էլ հետը հեռացել են։
«Բոլորը զինված են, այնտեղ չզինված մարդ չկա, ուղղակի մյուս մեքենաները մոտեցան, դռները փակեցին, հարվածեցին մեքենայիս ու գնացին։ Ես չեմ պատկերացրել,որ ինձ կկանգնեցնեն։ Վազելով եկան՝ մի 10-20 հոգի։ Կամ պիտի վրաերթի ենթարկես, անցնես, որը չես կարող, կամ կանգնես։ Բայց մյուս անգամ եթե կանգնեցնեն, վրաերթի եմ ենթարկելու ու գնամ»,- ասել է նա։