26/10/2021 20:00
Պատերազմից հետո Հարավային Կովկասում ձևավորված իրողությունները միտված են ՌԴ-ի և Թուրքիայի կողմից Արցախի կարգավիճակի հարցի հետաձգմանը. քաղաքագետ
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այս պահին արդիական կարելի է համարել միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության համատեքստում։ Պատերազմից հետո Հարավային Կովկասում ձևավորված մյուս իրողությունները միտված են Ռուսաստանի և Թուրքիայի կողմից կարգավիճակի հարցի հետաձգմանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սարո Սարոյանը։
«Այս գերտերություններն ամեն ինչ անում են, որպեսզի կարգավիճակի խնդիրը երբևէ չքննարկվի, որովհետև քննարկվելու դեպքում ձևավորված իրողությունները բախվելու են Արևմուտքի կամ այլ աշխարհաքաղաքական շահերի հետ, և այդ ժամանակ արդիական է դառնալու Արևմուտքի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը՝ որպես կոնտր քայլ։ Սա տարբերակներից մեկն է»,- ասաց Սարո Սարոյանը։
Քաղաքագետը շեշտեց՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը բացառապես տարաբնույթ շահերի կոնտեքստում է, և հարցն օրակարգ կարող է դառնալ այն դեպքում, երբ գերտերությունների շահերը լրջորեն բախվեն։
Հիշեցնենք, որ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ հայտարարել է՝ թեև երկար ու դժվարին պայքարով, սակայն հնարավոր է լինելու հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը և Արցախի անկախության միջազգային ճանաչմանը: