05/11/2021 13:40
Մեզ համար սկզբունքային է, որ Ադրբեջանի հետ «խաղաղության» համաձայնագիրը տեղի չունենա. Քաղաքագետ
Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը շատ բան է զիջել Ադրբեջանին, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստից չբխող շատ կետեր, և այս պահին որպես պարտված կողմ՝ մեզ համար սկզբունքային է, որ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը տեղի չունենա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։
«Որովհետև պարտված կողմը երբեք չի կարող բավարարված լինել։ Արդեն հիմա ինչ-որ բաներ ստիպողաբար են տեղի ունենում, որոնք վնասում են Հայաստանի ազգային շահերը։
Այս պարագայում մենք երկու անելիք ունենք. մեկը՝ երկրի ներսում պետք է դիմադրություն ձևավորվի։ Հիմա, կարծես թե, ընդդիմությունը փորձում է այդպիսի շարժում ծավալել։ Ազգը պետք է դուրս գա, մեկ բռունցք դառնա։ Սա ոչ ընդդիմության, ոչ իշխանության հարց չէ, սա համազգային հարց է», - ասաց քաղաքագետը։
Երկրորդ քայլը, ըստ Արթուր Ղազարյանի, պետք է կատարի հայկական սփյուռքը՝ տարատեսակ պիկետների և այլ միջոցառումների տեսքով բարձրաձայնելու, որ դեմ է Հայաստանի համար ոչ շահեկան պայմաններով «խաղաղության» համաձայնագրի կնքմանը։
«Այստեղ պետք է աշխատի նաև հայկական դիվանագիտությունը, որը, թիկունքում զգալով համազգային ուժը, իր անելիքները կատարի։ Իսկ, ինչպես գիտենք, դիվանագիտությունն իշխանության ձեռքն է, որն էլ մինչ օրս ոչինչ չի անում։ Հայաստանում և սփյուռքում համազգային դիմադրություն պետք է լինի», - ասաց Արթուր Ղազարյանը։