23/11/2021 19:29
«Burgery Angus & More»-ում թունավորման դեպք է արձանագրվել. ռեստորանը փակ է
«Burgery Angus & More» ռեստորանում թունավորման դեպք է արձանագրվել:
«Վերջին շրջանում երևանյան սննդի տարբեր կետերում հաճախացել են թռչնամսի օգտագործմամբ պայմանավորված թունավորման դեպքերը։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև «Burgery Angus & More» ռեստորանում։
Մենք անվտանգ, որակյալ սննդի մատուցման և միայն թարմ ու բարձրորակ մթերքներ օգտագործելու ջատագովն ենք։ Մեր ռեստորանի հյուրերն ու մեր ծառայություններից օգտվողները գիտեն, որ բարձրորակ մթերքներով աշխատելը մեզ համար եղել է, կա ու կմնա գերակա սկզբունք։ Մենք ավելի քան շահագրգռված ենք առաջինն իմանալու դեպքի պատճառն ու հանգամանքները։
Այս պահին սերտորեն համագործակցում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ՝ իրականացնելով լաբորատոր անհրաժեշտ փորձաքննությունները։ Համապատասխան փորձաքննություններ են անցկացվում նաև մեր՝ սննդի որակի վերահսկման լաբորատորիայում։
Ստուգումների արդյունքներն արդեն հայտնի կլինեն սույն թվականի հոկտեմբերի 25-ին, և իմանալուն պես՝ կներկայացնենք հանրությանը։ Ստուգումներով պայմանավորված՝ «Burgery Angus & More» ռեստորանը ժամանակավորապես փակ է։
Մեր հյուրերի առողջությունն ու անվտանգությունը միշտ առաջնային են մեզ համար։ Մենք տուժած քաղաքացիների կողքին ենք և ցուցաբերում ենք անհրաժեշտ աջակցություն։
«Burgery Angus & More» ռեստորանի ամբողջ թիմի անունից բոլորին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և քաջառողջություն»,-ասված ռեստորանի տարածած հայտարարությունում: