23/11/2021 19:07
Սոչիում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը չպետք է հակադրել Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ինչպես որ չի կարելի դիտել մեկ ամբողջության մեջ. Քաղաքագետ
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը չպետք է հակադրել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ինչպես որ դրանք չի կարելի դիտել մեկ ամբողջության մեջ։ Այդ հանդիպումները մեկը մյուսին չեն իմաստազրկում կամ կամ հակառակը՝ հավելյալ իմաստ չեն հաղորդում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
«Իմ պատկերացմամբ՝ նոյեմբերի 26-ի հանդիպումն այն հանդիպումն է, որը պետք է կայանար նոյեմբերի 8-12-ն ընկած հատվածում՝ առցանց տարբերակով։ Դա նախապատրաստված հանդիպում էր, որին, հասկանալի է, նախորդել էին բավականաչափ ինտենսիվ բանակցություններ, պատրաստվել տեքստեր։ Ըստ երևույթին՝ վերջին պահին հայկական կողմը խնդրել էր հետաձգել կամ չեղարկել առցանց հանդիպումը», - նշեց քաղաքագետը։
Բենիամին Պողոսյանը նկատեց՝ պատահական չէ, որ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման մասին Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է՝ այն նվիրված է մեկ տարի առաջ հրապարակված եռակողմ հայտարարության մեկամյակին։
«Կրեմլը շեշտում է, որ դա պարզապես նոյմեբերի 9-12 տեղի ունենալիք և վաղօրոք նախապատրաստված հանդիպումն է, որն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էր», - ասաց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 26-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը, մեր զրուցակցի համոզմամբ՝ այն եվրոպացիների նախաձեռնությունն է՝ հաշվի առնելով, որ երկու երկրների ղեկավարները միաժամանակ մասնակցելու են ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։
«Եվրոպական կողմն օգտվել է այդ առիթից՝ կազմակերպելու հանդիպում և փորձելու քննարկումների միջոցով տարածաշրջանում թուլացնել լարվածությունը։ Հասկանալի է, որ այս հանդիպման միտքը ծնվել է հընթացս, և դրան նախապատրաստական աշխատանքներ չեն նախորդել», - նշեց քաղաքագետը։