25/11/2021 09:47
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ:
Հրամանագիրը ստորագրվել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշանակվել էր պաշտպանության նախարար։
Երեկ Համբարձում Մաթևոսյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից:
Համբարձում Մաթևոսյանը ծնվել է 1992 թ. Գյումրիում։
2009-2012 թթ. սովորել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժնում, 2012-2015 թթ.՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետում` համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ։
2011-2012 թթ. աշխատել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող, 2013-2014 թթ.՝ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու, 2013-2015 թթ.՝ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի խորհրդական, 2016-2018 թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական
2018 թ. հոկտեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ։
Մաթևոսյանը զինապարտ չէ:
Անկուսակցական է, ամուսնացած է, ունի մեկ որդի։