02/12/2021 11:47
Մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք ու հետևենք Էրդողանի գործողություններին. սահմանազատման գործընթացը պետք է սկսենք ԼՂ կարգավիճակի հարցի քննարկմամբ. Մելքումյան (Տեսանյութ)
Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հիմնադրման 20-ամյակին նվիրված տեսակոնֆերանսին մասնակցել է նաև «Եդինայա Ռոսիա»-ի գործընկեր ԲՀԿ-ն՝ ի դեմս կուսակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանի։
«21-րդ դարի գլոբալ մարտահրավերները․ միջկուսակցական հարթություն» թեմայով տեսակոնֆերանսին Միքայել Մելքումյանը բարձր է գնահատել ՌԴ-ի և անձամբ Վլադիմիր Պուտինի դերը 44-օրյա պատերազմը կագնեցնելու հարցում, կարևորել է նաև ռուսական խաղաղապահ առաքելության դերը պատերազմից հետո խաղաղության պահպանման գործում։
Մելքումյանն անդրադարձել է նաև այն հիմնախնդիրներին, որոնց առջև այսօր կանգնած են Հայաստանն ու Արցախը․ Արցախի կարգավիճակի հարցն առ այսօր բաց է մնում, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները։
«Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք։ Մեր գնահատմամբ՝ դա ուղիղ ագրեսիա է Ադրբեջանի կողմից։ Այս և 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի բոլոր գործողությունները հատուկ խրախուսվել են Թուրքիայի կողմից՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճանապարհով», - շեշտել է Միքայել Մելքումյանը։
Նա տեսակոնֆերանսի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի կողմից Մեծ թուրանի, թյուրքալեզու պետությունների միավորման ծրագիրը կյանքի կոչելու նպատակադրման վրա։
«Մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք ու հետևենք Էրդողանի գործողություններին։ Պատմությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի գործելաոճում միշտ առկա է ագրեսիվ ու ոչ ադեկվատ հռետորաբանությունը», - ասել է Միքայել Մելքումյանը։
ԲՀԿ փոխնախագահը տարածաշրջանում կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է համարել պահպանել շահերի բալանսը։
«Եթե իրականացնում ենք սահմանազատում և սահմանագծում, ապա, մեր կարծիքով, պետք է գործընթացը սկսենք ԼՂ կարգավիճակի հարցի քննարկմամբ», - ընդգծել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: