06/12/2021 20:15
Հայկական կողմը որևէ բան չունի՝ արձագանքելու ադրբեջանական կողմին․ Աղաջանյանը՝ ստոկհոլմյան հանդիպումը չեղարկելու վերաբերյալ Բաքվի հայտարարության մասին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց Բաքվի այն հայտարարությանը, որ Ստոկհոլմում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայացել ՀՀ ԱԺ պատվիրակության՝ Արցախ մեկնելու պատճառով։
Ադրբեջանն, ի դեպ, իր հայտարարությունում Արցախը «ադրբեջանական տարածք» էր անվանել։
«Ես չեմ ցանկանում ադրբեջանական կողմի հայտարարությունները մեկնաբանել։ Կոնկրետ տվյալ հարցի վերաբերյալ հայկական կողմը որևէ բան չունի՝ արձագանքելու ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցիչների ասածին»,- լրագրողներին ասաց Աղաջանյանը։
Դիտարկմանը՝ այդ հայտարարությամբ Ադրբեջանը, փաստացի, տապալեց բանակցությունները, Աղաջանյանն արձագանքեց նույն ոճով․ «Դա իրենց հայտարարությունն է, և որ այդ պատրվակով են տապալել, ես դա չեմ ուզում մեկնաբանել»։
Նա հստակ չպատասխանեց նաև հարցին, թե ՀՀ խորհրդարանի ներկայացուցիչների այցերն Արցախ կշարունակվե՞ն, թե՞ ոչ։
«Չեմ կարող այս պահին ․․․ ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում արտաքին գործերի նախարարի հանդիպումների շրջանակում, դրանք առանձին գործընթացներ են, և մասնավորապես հանդիպումների տեղի ունենալը կամ չունենալը պայմանավորված է կոնկրետ գործոններով»,- նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։
Իսկ թե ինչու՞ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի ասում, որ հայ պաշտոնյաներն Արցախ այցելելու են, որովհետև դա հայկական տարածք է, և Ադրբեջանը չի կարող իր պահանջները դնել, Աղաջանյանը պատասխանեց՝ դա հետևանքներ կունենա։
«Առաջին հայացքից կարող է թվալ, որ պետք է հայտարարություններ տարածել, որոնք որոշ հանրային շրջանակների կողմից ընդունելի կամ ցանկալի ձևակերպումներ են, բայց մենք նաև պետք է գիտակցենք, որ կառավարող ուժի յուրաքանչյուր ներկայացուցչի ցանկացած հայտարարություն հղի է կոնկրետ հետևանքներով, և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր պետական այր որևէ տառ արտասանելուց առաջ պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռը և հետևանքները»,-ասաց նա։