07/12/2021 19:20
«Շակալի» հոգեբանություն է․ դարանակալել էին դռան հետևում, որ մեզ վրա հարձակվեն․ ընդդիմադիր խմբակցության օգնականը ներկայացրեց ԱԺ-ում ծեծկռտուքի մանրամասները (Տեսանյութ)
«Փաշինյանի աներձագի (ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյան-խմբ․) և իմ հետ կապված միջադեպ է եղել միջանցքում, որից հետո Ռուբեն Ռուբինյանի օգնականը հրավիրել է իր կաբինետ, որպեսզի հասկանանք, պարզաբանենք։ Մտել եմ այնտեղ, դուրս գալուց մի 40 հոգով հարձակվել են վրաս»,- այսօր ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպի մանրամասները լրագրողներին պատմեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանը։
Նշենք, որ միջադեպը, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ծագել է այն պատճառով, որ իշխանական խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, Սիսակ Գաբրիելյանին թվացել է, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների օգնականները միջանցքում իրենց «թարս» են նայել։ Օգնականներին ժամեր անց հրավիրել են Ռուբինյանի աշխատասենյակ՝ «սուրճ խմելու» պատրվակով, սակայն կաբինետից դուրս գալիս՝ իշխանական պատգամավորների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։ ՔՊ-ական պատգամավորներն, ինչպես պատմեց Գերասիմ Վարդանյանը, իրենց սպասել են միջանցքում, հարձակվել են, երբ իրենք դուրս են եկել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակից։ Գերասիմ Վարդանյանի խոսքով՝ ծեծկռտուք է եղել, բայց իրենց ծեծել, ինչպես որոշ մեկնաբանություններում է նշված, իշխանականներին չի հաջողվել։
«Որ ասում են՝ ծեծել ենք․ ծեծ կերած մարդու տեսք ունե՞մ։ Ում ինչ պետք է, արել ենք, ասել ենք։ Սուրճ խմելու թեմային էլ անդրադառնամ։ Ես իրենց հետ ո՛չ սուրճ խմելու եմ գնացել, ո՛չ էլ իրենց հետ սուրճ խմելու կա։ Հրավիրել են պարզաբանելու, իրավիճակը հարթելու։ Գնացել եմ այնտեղ, ծեծկռտուք, քաշքշոց է եղել, բայց իրենք իրենց ամբողջ ֆրակցիայով ու ոհմակով այդքան չկան, որ 3 «դաշնակցականի» հետ բախվեն ու կարողանան ծեծել։ Սենյակից դուրս գալուց մի 30-40 հոգով հարձակվել են մեզ վրա, անվտանգության աշխատակիցներն իրենց համար կանգնած էին, չեն միջամտել»,- ասաց Վարդանյանը։
Նա նշեց, որ ծեծկռտուքին իշխող խմբակցության պատգամավորներից մասնակցել են նաև Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Արմեն Խաչատրյանը։
«Նորից եմ ասում, սխալ մեկնաբանություն է, մեզ ոչ ոք չի կարող ծեծել։ Հրավիրել են իրենց սենյակ՝ պարզաբանելու, դուրս գալուց բորենու նման հարձակվել են, համապատասխան հակահարված են ստացել։ Դարանակալել էին դռան հետևում, միջանցքում, որ հարձակվեն։ «Շակալի», թուրքի հոգեբանություն է»,- նշեց Գերասիմ Վարդանյանը։