15/12/2021 15:57
WarGonzo-ի հիմնադիր Սեմյոն Պեգովին Մոլդովայում խուզարկել են, ապա ազատ արձակել
Մոլդովայի հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել և խուզարկել են ռուս ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովին, հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Արտյոմ Տուրովը տելեգրամյան իր էջում։
Պատգամավորը գրել է, որ գիշերը Քիշնև- Մոսկվա թռիչքից առաջ Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցները կանգնեցրել և մեկ ժամից ավելի խուզարկել են Սեմյոն Պեգովին, ով տեսանյութեր է պատրաստել Մերձդնեստրում հակամարտության, նաև դրա կարգավորման հարցում Ռուսաստանի և ռուս խաղաղապահների դերակատարման մասին։
«Խուզարկելուց և Պեգովի հեռախոսը, համակարգիչն ու տեխնիկական մյուս միջոցները զննելուց, ուսումնասիրելուց զատ, Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցները բաց տեքստով սպառնացել են ՌԴ քաղաքացուն, որ նրան կհանձնեն ուկրաինական ուժայիններին», - հավելել է ՌԴ Պետդումայի պատգամավորը։
Նա տեղեկացրել է, որ Պեգովին բաց են թողել, նաև տարակուսանք է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ։