24/01/2022 13:07
Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները փակել են Երևան-Սևան-Իջևան ճանապարհը
Այսօր՝ հունվարի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները ի նշան բողոքի, փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի կառավարությունը չեղյալ հայտարարի խոշորացման մասին իրենց որոշումը:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մենք դեմ ենք, որպեսզի մեր գյուղերը խոշորացված ցուցակի տակ ընկնեն ու միանան Սևանին: Մենք մեր գյուղապետերով ուս-ուսի տված ծաղկացրել ենք ու շարունակելու ենք ծաղկացնել մեր գյուղերը ու իզուր չի, որ տուրիստներ են գալիս մեր գյուղեր ու ասում են՝ «մինի Շվեյցարիայում» ասես լինենք, ճանապարհներն ասֆալտապատած, մայթերը կարգի բերված, ցանկացած փողոցում արտաքին լուսավորության հարցը լուծված, աղբահանությունը կատարվում է ժամանակին»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի փակման հետևանքով խցանումը արդեն հասնում է 1- 1,5 կիլոմետրի: Այս պահին գյուղացիների հետ բանակցում են ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը և ոստիկանության Սևանի բաժնի ծառայության գծով տեղակալ Ղազար Դավթյանը: Տեղում ծառայություն են կատարում նաև ճանապարհային ոստիկանության ծառայողները։