25/01/2022 18:00
Չեմ կարծում, որ այս տարի հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ականատես կլինենք. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ժամանակավրեպ է. թուրքագետ
Այս տարի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման մասին լավատեսական հայտարարություն կարելի էր անել այն ժամանակ, երբ երկկողմ բանակցությունները սկսած, մի փոքր առաջ գնացած և արդյունքներն էլ, ընդհանուր առմամբ, դրական կլինեին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Բայց դեռ որևէ բանակցություն չի սկսել և, հետևաբար, որևէ արդյունքի մասին խոսել չենք կարող։ Բացի այդ էլ, թուրք-ադրբեջանական տանդեմն անընդհատ խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Երբ պատերազմն ավարտվել է, բայց մենք դեռ չենք կարողանում մեր ռազմագերիներին հետ վերադարձնել, չենք կարողանում ճշտել անհետ կորածների թիվը, ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածք ներթափանցելուց ի վեր՝ չենք կարողանում վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ժամանակավրեպ է»,- ասաց թուրքագետը։
Հակոբ Չաքրյանը հիշեցրեց՝ Ռուբեն Ռուբինյանն առայժմ ընդամենը ծանոթացել է Սերդար Քըլըչի հետ, մինչդեռ, թուրքական կողմը չի զլանում երկկողմ՝ հայ-թուրքական հարաբերություններին մշտապես խառնել Ադրբեջանին։ Հաջորդ նման փորձի դեպքում, ըստ թուրքագետի, Հայաստանը պետք է հիշեցնի, որ ընթանում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման, ոչ թե Հայաստան-Ադրբեջան պայմանագրի կնքման գործընթաց։
«Չեմ կարծում, որ այս տարի հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ականատես կլինենք, որովհետև 30 տարվա վաղեմության խնդիրները չեն կարող մեկ տարվա մեջ միանգամից հաղթահարվել»,- ասաց Հակոբ Չաքրյանը։
Հիշեցնենք, որ երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Շատ տրամաբանական կլինի, եթե, օրինակ, մենք հասնենք այդպիսի արդյունքի․ մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման»։