25/01/2022 11:50
«ՀՀ նախագահը դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի». ՔՊ-ն նոր թեկնածուի հարցով քննարկում դեռ չի արել
Այս պահին Հայաստանը, փաստացի, ունի նախագահ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նա նշեց, թե դեռևս հինգ-վեց օր ժամանակ կա ու այդպիսի իրավիճակում ժամանակավրեպ են համարում քննարկել նախագահի թեկնածուի հարցը:
«Օրենքը հնարավորություն է տալիս դիմումը հետ վերցնելու, հետևաբար, կանդրադառնանք այն պահին, երբ պաշտոնը թափուր կլինի, իսկ պաշտոնն այս պահին թափուր չէ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔՊ-ական պատգամավորը:
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան էլ ասաց, թե քանի դեռ ՀՀ նախագահը դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, խմբակցությունում դեռևս քննարկում չկա:
«Կան որոշակի քննարկումներ մոտեցումների ու չափանիշների հետ, բայց դրանք որևէ կերպ թեկնածուի քննարկում չի կարելի անվանել», - նշեց նա:
ՔՊ-ականները հայտարարեցին, որ նախագահի թեկնածուին ընտրելու են իրենք ու ՀՀ հաջորդ նախագահը կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ-ի ղեկավար ֆորմատն ու խմբակցությունը:
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է հրաժարական տալու մասին:
Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի ԱԺ նախագահը, հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված: