26/01/2022 13:55
Փաշինյանն ու Զելենսկին միմյանց հղել են շնորհավորական նամակներ
Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին միմյանց հղել են շնորհավորական նամակներ:
Վարչապետ Փաշինյանի նամակում, մասնավորապես, նշվում է.
«Անցած երեք տասնյակ տարիների ընթացքում Երևանի և Կիևի համատեղ ջանքերով ձևավորվել է իրավապայմանագրային հենք, ստեղծվել են միջխորհրդարանական փոխգործակցության համապատասխան մեխանիզմներ, շարունակվել են մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության առաջմղմանը միտված ջանքերը»:
Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները 2022թ. համատեղ գործնական քայլերի շնորհիվ կշարունակեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության:
Իր հերթին նախագահ Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան և Հայաստանը ունեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ գործընկերություն հաստատելու բավարար ներուժ։