26/01/2022 19:46
Մոսկվան պահանջում է Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտների համար ԱՊՀ երկրներում ուսումնական կենտրոններ բացել
Մոսկվան պնդում է, որպեսզի ԱՊՀ այն երկրներում, որտեղից ամենաշատն են արտագնա աշխատանքի մեկնում Ռուսաստան, բացվեն ուսումնական կենտրոններ, որտեղ աշխատանքային միգրանտների համար նախապատրաստական դասընթացներ կկազմակերպվեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ Պետդումայում։
Ռուսաստանի արտգործնախարարը, մասնավորապես, առանձնացրել է Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը՝ նշելով․
«Պնդում ենք, որպեսզի այդպիսի կենտրոններ բացվեն այն երկրներում, որտեղից աշխատանքային միգրանտների հիմնական հոսքն է ապահովվում․ դա Ղրղզստանն է, Տաջիկստանը, Ուզբեկստանը։ Նրանց հետ պայմանավորվում ենք, որպեսզի աշխատանքային միգրանտների համար նախապատրաստական կենտրոններ բացվեն»,- ասել է Լավրովը՝ մանրամասնելով, որ այդ կենտրոններում արտագնա աշխատանքի մեկնողներին պետք է սովորեցնեն ռուսերեն և ծանոթացնեն ՌԴ օրենսդրությանը։
Լավրովը նշել է, որ աշխատանքային միգրանտների մասնակցությամբ միջադեպերը հասարակության մոտ հուզական արձագանքի են արժանանում, այդ խնդրին հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ՌԴ ՆԳՆ-ն։
«Հասկանալի է, որ այդ խնդիրներին հասարակությունը միանշանակորեն չի արձագանքում․ տեսնում ենք, թե որքան էմոցիոնալ են ընկալվում են տարատեսակ միջադեպերը՝ մեր հարևան հանրապետություններից եկած աշխատանքային միգրանտների մասնակցությամբ»,- ասել է Լավրովը։