29/03/2022 14:27
Պեսկովն ասել է, որ Ադրբեջանը մնում է Ռուսաստանի գործընկերը, իսկ Պետդումայի պատգամավորին կոչ է արել զսպել զգացմունքները
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարությունները Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին ռուսական հարվածների մասին ոչ մի կապ չունեն պետության դիրքորոշման հետ, նա զսպվածության կոչ է արել։
«Այդ հայտարարությունը ոչ մի կերպ չի համապատասխանում և չի կարող համապատասխանել ՌԴ պաշտոնական գծին: Ավելի շուտ, դա հայտարարություն է, որը գտնվում է անձնական հույզերի հարթության մեջ», - ասել է Պեսկովը՝ անդրադառնալով պատգամավորի հայտարարություններին։
Նա ասել է, թե հորդորում են զսպել էմոցիաները և զերծ մնալ նման հայտարարություններից.
«Հատկապես մեր գործընկերների հետ կապված, իսկ Ադրբեջանը պատկանում է գործընկեր պետությունների կատեգորիային»,- հավելել է Պեսկովը։
Մամուլի խոսնակը նաև ընդգծել է, որ զգացմունքների զսպվածությունն անհրաժեշտ է այն իրավիճակում, երբ Ռուսաստանը եռանդուն ջանքեր է գործադրում Ղարաբաղում խաղաղության պահպանման համար։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էին պատգամավոր Դելյագինի արտահայտությունները Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին։ Պատգամավորը, ինչպես հաղորդվում է, հիշատակել է Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորության մասին։