05/05/2022 16:20
«Դիմում չի եղել». Ֆրանսիայի հրապարակում Շտապօգնության հերթապահող խումբ ապահովում է ոչ թե առողջապահության նախարարությունը, այլ՝ քաղաքապետարանը
Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից Շտապ օգնության մեքենայով այսօր Թիվ 1 համասարանական հիվանդանոց էր տեղափոխվել քաղաքացի՝ սրտի կանգով։
Բուժաշխատողների բոլոր ջանքերը եղել են ապարդյուն. գրանցվել է քաղաքացու կենսաբանական մահը։
Դեպքից հետո քաղաքացիները մեղադրեցին առողջապահության նախարարությանը, որ շտապօգնության հերթապահող խումբ չեն ապահովել Ֆրանսիայի հրապարակում, մինչդեռ, սակայն, այդ աշխատանքը պետք է ապահովի Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանն Aysor.am-ին ասաց, որ, այո, քաղաքապետարանն է ապահովում շտապօգնության հերթապահող խումբը, սակայն իրենք նման դիմում չեն ստացել։
«Ըստ կանոնակարգի ու ընթացակարգի՝ նման դեպքերում բողոքի ակցիայի կազմակերպիչները պետք է գրավոր դիմեն քաղաքապետարանին՝ խնդրելով այնտեղ շտապօգնության հերթապահող խումբ, նման դիմում, սակայն, քաղաքապետարանը չի ստացել։ Դիմում չի եղել, ըստ այդմ, հերթապահող խումբ չի եղել», - նշեց Լևոն Սարդարյանը։