27/05/2022 20:32
ՀՀ իշխանությունը պետք է վաղուց հասկացած լիներ, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ խաղաղ հարևանություն անել. քաղաքագետ
ՀՀ իշխանությունը պետք է վաղուց հասկացած լիներ, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ խաղաղ հարևանություն անել. 44-օրյա պատերազմի մեկնարկից ի վեր խաղաղության օրակարգն ուղղակի հօդս է ցնդել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե միջազգային իրավունքն այսօր չի գործում, և գերակա է մնում ուժի գործոնը։
«Պատերազմում Հայաստանը պարտություն կրեց, բայց նույնիսկ դրանից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությամբ առաջնորդվել։
Ցավալի է, բայց եթե ՀՀ իշխանություններն Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի անհնարինությունը հասկանան Հայաստանն ու Արցախը կորցնելուց հետո, դա ուղղակի աբսուրդ կլինի»,- ասաց Արթուր Ղազարյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանն իր պատմության վատագույն ժամանակներն է ապրում, քանի որ ներկա գործընթացների ապագան խիստ մշուշոտ և վտանգավոր է։
«Չեմ ուզում վատատես լինել, բայց կարող ենք ընդհուպ պետականության կորուստ ունենալ, և դա է պատճառը, որ ՀՀ իշխանություններն ու հասարակությունը պետք է զգոն լինեն։
Արցախի հարցը «փակված» համարելով՝ Ադրբեջանը հիմա էլ անկլավային հավակնություններ է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանն ուշացումով անդրադարձավ Արծվաշենին, բայց դա դեռևս բավարար չէ»,- նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ առաջնային է մնում ուժի գործոնը։
«Այն առաջիկայում ևս գերակա է լինելու աշխարհում, նորագույն պատմությունը դա է ցույց տալիս։ Ես արդեն ասել եմ, որ միջազգային իրավունքը չի գործում։ Մենք պետք է ինքնախաբեությամբ չզբաղվենք, պետք է ավելի ուժեղանանք, հզորացնենք մեր ռազմական ներուժը։ Անհրաժեշտության դեպքում թշնամուն պետք է քշենք «մեր տարածքներից»՝ ուժով։ Ես ասել եմ այդ մասին և արել եմ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։