06/06/2022 15:48
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նկատողություն է հայտարարել
Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը բավարարվել է. դատավոր Արշակ Պետրոսյանին հայտարարվել է նկատողություն:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է:
Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 339-րդ հոդվածի 1-ին և 2-րդ, 340-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի խախտումներ, այն է Դատարանը գործի քննությունն իրականացրել է 8 ամսվա ընթացքում՝ այդ տեսակի գործերի համար նախատեսված սեղմ՝ մեկամսյա ժամկետի կոպիտ խախտմամբ, եզրափակիչ դատական ակտի հրապարակումն իրականացրել է նախատեսված ժամկետից 9 ամիս անց, ինչն էլ հանգեցրել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման: