06/06/2022 21:20
Դուք հավերժ մնալու եք այն ԵՄ պաշտոնյան, որի դռան մոտ քաղաքացի են ծեծում, որի դռան մոտ քաղաքացու վրա կրակում են. Մամիջանյանը՝ ԵՄ դեսպանին
Բոլորս վրդովվում ենք արևմտյան դեսպանատների լռությունից, և ես հիմնավոր կասկած ունեմ, որ այդ լռությունը գին ունի, ու այդ գինը վճարվել է արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններով, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Որովհետև Փաշինյանն ինչ-որ բան է խոստացել այդ լռության դիմաց. երբեք պարզապես չեն լռում»,- հավելեց նա։
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայկ Մամիջանյանն ասաց՝ վերջինս տևական ժամանակ, մեղմ ասած, անհասկանալի լռություն է պահպանում։
«Բայց ամսի 3-ի այն հրեշավոր վայրագությունները, որոնք տեղի են ունեցել ժողովրդի դեմ, տեղի են ունեցել ԵՄ դեսպանատան դռան դիմաց։ Դուք չե՛ք կարողանալու ասել՝ չենք տեսել։ Դա նույնիսկ ձեր տեսախցիկներն են տեսել։
Դուք հավերժ մնալու եք այն ԵՄ պաշտոնյան Հայաստանում, որի դռան մոտ ՀՀ քաղքացի են ծեծում, որի դռան մոտ քաղաքացու վրա կրակում են, ու Դուք լուռ եք մնացել։ Դուք դա չեք մարսելու»,- ասաց պատգամավորը։