
06/06/2022 16:23
Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ. Ինչպե՞ս ախտորոշել, բուժել և խուսափել հետևանքներից. Զրույց՝ մանկական ռևմատոլոգի հետ (Տեսանյութ)
Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտը խրոնիկ հիվանդություն է, որը բնութագրվում է հոդերի կայուն բորբոքումով: Հիվանդությունը խրոնիկ է, իսկ դա նշանակում է, որ բուժումը չի բերում լրիվ առողջացման, այլ թույլ է տալիս նվազեցնել հիվանդության նշանները և բարելավել լաբորատոր ցուցանիշները:
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մանկական ռևմատոլոգիական ծառայության ղեկավար, մանկական ռևմատոլոգ Գայանե Խլոյանի հետ Aysor.am-ը զրուցել է հիվանդության առաջացման, բարդության, հետևանքների և բուժման ընթացքի մասին։
«Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտը (ՅԻԱ) մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների մեջ ամենատարածվածն է։ Անվանումը՝ Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ, բացատրում է հիվանդության մասին. յուվենիլ-պատանեկան, իդիոպաթիկ-անհայտ պատճառի, արթրիտ-հոդաբորբ։ Հիվանդության ախտորոշումը բավական դժվար պրոցես է, որովհետև չկա յուրահատուկ թեստ, որը դնելով հաստատենք կամ ժխտենք այն։ Պետք է մանրամասն ուսումնասիրել հիվանդի անամնեզը, գանգատները, կատարել բազմաթիվ հետազոտություններ, ժխտել բազմաթիվ հիվանդություններ և այդ ժխտման պրոցեսի հիման վրա դնել ախտորոշումը», - ասում է մանկական ռևմատոլոգը։
Հիվանդության առաջնահերթ բարդությունները կապված են հոդերի հետ, չբուժված դեպքերը բավական ծանր ընթացք են ստանում և արթրիտ ունեցողին դարձնում են հաշմանդամ, սահմանափակվում են շարժումները մանր և խոշոր հոդերում, երբեմն նույնիսկ հիվանդը զրկվում է ինքնասպասարկման հնարավորությունից։
Բժիշկն ուրախությամբ փաստում է, որ այժմ այդպիսի դեպքերը քիչ են պատահում, քանի որ բուժման հնարավորությունները շատ մեծ են։
Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտն ունի դեղորքային բուժում, այն շատ անհատական է։
Մասնագետի խոսքով՝ կան պրեպարատների մի քանի խմբեր, որոնցով բուժվում է այս հիվանդությունը։ Բուժումն իրականացվում է քայլ առ քայլ։
«Կա արթրիտի ձև, որը կոչվում է համակարգային, դրա ժամանակ բացի հոդերից ախտահարվում են նաև ներքին օրգանները։ Այդ դեպքում ավելի բարդ հետևանքներ են լինում և հիվանդին վատ հեռանկար է սպասվում, քանի որ բացի հոդերից ախտահարվում են ներքին օրգանները՝ սիրտը, թոքերը, լյարդը, փայծաղը և այլն», - նշում է Գայանե Խլոյանը՝ հավելելով, որ հիվանդությունն ուղիղ ժառանգականություն չունի, սակայն որոշակի ժառանգական նախատրամադրվածություն նկատվում է։
Ինչպես հասկանալ արթրիտի գոյության մասին
«Սա շատ կարևոր հարց է, որովհետև գործ ունենք երեխաների հետ, որոնք ոչ միշտ են գնահատում իրենց վիճակը ճիշտ, ոչ միշտ են գանգատվում։ Նրանք գերադասում են քայլվածքը փոխել, բայց չասել, որ ոտքը ցավում է։ Ծնողը չպետք է սպասի երեխայի գանգատին, դա կարող է ընդհանրապես չլինել կամ շատ ուշանալ», - ասում է բժիշկը։
Նա նաև զգուշացնում է՝ եթե ծնողը նկատում է քայլվածքի փոփոխություն, դա արդեն ազդանշան է, որ ինչ-որ մի բան այն չէ և պետք է դիմել բժշկի։
«Ինչպես մնացած այլ հիվանդությունները, արթրիտը նույնպես, որքան շուտ սկսես բուժումը, այնքան հաջողությունը մեծ կլինի, և հաշմանդամություն ունենալու խնդիր չի առաջանա։
Լինում են դեպքեր, երբ բավական վաղ է հայտնաբերվել Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտը, բուժումը շուտ և ճիշտ է սկսվել, բայց ավաղ, այն նպատակակետին չի հասնում, գանգատները շարունակվում և հարաճում են։ Վերջին 20-25 տարիների ընթացքում գոյություն ունեն բիոլոգիական դեղեր, որոնք հեղափոխություն են մտցրել ռևմատոլոգիայում, և այն, ինչ նախկինում համարվում էր անբուժելի, դժվար բուժելի, և կարծում էիր, թե ամեն ինչ արված է և էլ ոչ մի հույս չկա, հիմա բիոլոգիական դեղերի միջոցով մեծ մասամբ այդ հարցերը լուծվում են։
Հիվանդությունը որքան ուշ հայտնաբերվի, այնքան բուժման արդյունքը թերի կլինի։ Երբեմն արդեն ունենում ենք «կորցրած» հոդեր, որոնց մեջ շարժումները բացակայում են և շատ մեծ աշխատանք է պետք, որպեսզի հնարավոր լինի շարժումների ծավալներն ավելացնել», - նշում է Գայանե Խլոյանը։
Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտը կարող է տեսողության խնդիրների առաջացման պատճառ դառնալ
Մանկական ռևմատոլոգի խոսքով՝ Յուվենիլ արթրիտի տեսակներ կան, որոնք աչքի աուտոիմուն բորբոքում են առաջացնում, ինչի հետևանքով կարող է տեսողությունը վատանալ, նույնիսկ տեսողության կորուստ է հնարավոր։
«Աչքի ախտահարումը սկզբնական շրջանում կարող է լինել բացարձակ ասիմպտոմ։ Մեծ կարևորություն ունի հիվանդների հսկումը։ Տարվա ընթացքում 3-4 անգամ հիվանդները հսկվում են ակնաբույժի կողմից։
Այս պահին մեր դիսպանսերում հսկվում և բուժվում է Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ ունեցող շուրջ 300 երեխա։ Համաշխարհային տվյալներով՝ ծնված 1000 երեխայից 1-ը հիվանդանում է Յուվենիլ արթրիտով, դա բավական բարձր ցուցանիշ է», - ընդգծում է բժիշկը։
ՅԻԱ-ի ամենատարածված տեսակը օլիգոարտիկուլյար և պոլիարտիկուլյար ձևերն են։
Այս հիվանդության բուժումը, մասնագետի խոսքով, միայն բժշկի գործը չէ.
«Դա թիմային աշխատանք է, որը կատարվում է ծնողի, բուժող բժշկի, հսկող բժշկի, վերականգնողաբանների, օրթոպեդների, ակնաբույժների, հոգեբանների, երբեմն նաև սոցիալական աշխատողների մասնակցությամբ։
Եթե այս ամենը ճիշտ կազմակերպվի, հաջողությունները շատ ավելի նկատելի կլինեն»։
Բժիշկն ասում է, թե շատ ցանկալի կլիներ, որ հիվանդների համար մատչելի լինել այս պահին դժվարամատչելի դեղորայքը և բոլորն ունենային այն ընդունելու հնարավորությունը։