09/06/2022 17:21
Եվրոպական խորհրդարանի կոչը Թուրքիային ՀՀ միջազգային հեղինակության առումով խիստ նպաստավոր է. Թուրքագետ
Եվրոպական խորհդարանի կոչը Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության առումով խիստ նպաստավոր է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։
«Իհարկե, չեմ կարծում, որ Թուրքիան ականջալուր կլինի այդ կոչին, որովհետև միջազգային հանրությունն այս պահին զբաղված է ռուս-ուկրաինական ճգնաժամով։ Այնուամենայնիվ, Եվրոպական խորհրդարանի կոչը պետք է դիտարկել Թուրքիայի նկատմամբ ազդեցության հավելյալ լծակ, որը կարելի է օգտագործել ՝ զսպելու Թուրքիայի ներխուժումը Իրաք և կանխելու նրա կողմից հնարավոր ռազմական գործողությունները։
Այդ կոչը նաև լավ լծակ է, որ Թուրքիային ստիպեն ավելի բարենպաստ դիրքորոշում որդեգրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում», - նշեց թուրքագետը։
Հակոբ Չաքրյանի խոսքով՝ ինքն ամենևին չէր ցանկանա, որ Հայոց ցեղասպանությունը դառնար քաղաքական շահարկումների առարկա, բայց, ուզած, թե չուզած՝ միջազգային հարաբերություններում դառնում է։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը հունիսի 7-ին Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ընդունել, որում այդ երկրին հորդորել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հարգել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր հանձնառությունը:
Զեկույցն ընդունվել է 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով։