15/06/2022 17:10
Ինչո՞ւ է նոր հիմնանորոգված Տաթև-Աղվան ճանապարհի ասֆալտը գրեթե ամբողջությամբ քանդվել. ՔՊ-ական պատգամավորը՝ Գնել Սանոսյանին (Տեսանյութ)
Ինչո՞ւ է նոր հիմնանորոգված Տաթև-Աղվան ճանապարհի ասֆալտը գրեթե ամբողջությամբ քանդվել, և տվյալ հատվածը դարձել ոչ երթևեկելի, հարցը Գնել Սանոսյանին ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Չգիտեմ՝ ինչու է տպավորություն, որ էս երկրում ամենաքիչը Տարածքային կառավարման նախարարությունն ու շինարարներն են ուզում, որ ճանապարհները որակով լինեն։ Անընդհատ այսպիսի տպավորություն կա։ Դա ամենևին այդպես չէ։ Այս երկրում ճանապարհի երկու գլխավոր պատասխանատու կա. մեկը պատվիրատուն է՝ ի դեմս պետության, մեկը՝ շինարարները» , - հայտարարեց նախարարը։
Նա նշեց, թե Տաթև-Աղվանի ճանապարհի հետ կապված բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կան, որոնցից մեկը բարդ ռելիեֆն է։
«Այդ հատվածներից մեկը նախատեսված չի եղել ծանր բեռնատարների համար, մյուս երկու կտորները կառուցվել են տրանսպորտային երթևեկությանը զուգահեռ։ Այդ ամբողջը հասկանալով՝ աշխատանքներն ավարտական տեսքի չեն բերվել, վերջին տեսքը չի տեղադրվել, դրանց համար ընկերությունները չեն վճարվել։ Լրատվամիջոցներում ինչ-որ միլիարդների մասին են խոսում։ Միլիարդներ տվողը մենք ենք, մենք չենք տվել, որովհետև աշխատանքը չի կատարվել» , - ասաց Սանոսյանը։
Նախարարը վստահեցրեց, թե հիմա թերությունները վերացնելով՝ առաջ են գնում։