18/06/2022 20:18
ԱՄՆ-ն Ուկրաինային ԱԹՍ-եր առայժմ չի տրամադրի․ առարկել է Պենտագոնը
ԱՄՆ իշխանությունների կողմից Ուկրաինային 4 միավոր հետախուզական-հարվածային MQ-1C Gray Eagle ԱԹՍ-եր վաճառելու ծրագիրը կանգնեցվել է․ Պենտագոնը մտահոգություն է արտահայտել, որ տեխնիկան կարող է հայտնվել ռուս զինծառայողների մոտ, հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Սպիտակ տունն ի սկզբանե կողմ է եղել Ուկրաինային վերը նշված ԱԹՍ-երը վաճառելուն, սակայն ավելի ուշ առարկություններ է ներկայացրել Պենտագոնի՝ ամերիկյան ռազմական տեխնիկայի անվտանգության ապահովման համար պատասխանատու վարչությունը։
«Տեխնոլոգիաների անվտանգության ստուգումը ստանդարտ գործելակերպ է ԱՄՆ պաշտպանական արտադրանքը միջազգային գործընկերներին փոխանցելիս։ Յուրաքանչյուր գործարք առանձին է դիտարկվում։ Գործընթացի շրջանակում անվտանգության հետ կապված մտահոգությունների մասին տեղյակ է պահվում վաճառքին հավանություն տվող համապատասխան մարմնին»,- մանրամասնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սյու Հոֆը։
Ըստ Reuters-ի, գործարքի կայացման հարցն այժմ Պենտագոնի բարձրաստիճան մարմինների իրավասության ներքո է, և հայտնի չէ, թե երբ կընդունվի վերջնական որոշումը։ Հնարավոր տարբերակ է համարվում ԱԹՍ-երի վրա եղածից ավելի քիչ առաջատար ռադարներ ու սենսորներ տեղադրելը, բայց դա կարող է ամիսներ պահանջել։