21/06/2022 18:05
«ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեի մասին հայտարարվել է՝ առանց ռուսական կողմի հետ նախնական աշխատանքի․ սկսում ենք նոր, մաքուր էջից»․ Հարավային Օսիայում նորից պատրաստվում են հանրաքվեի
ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեի անցկացումը Հարավային Օսիայի նախկին նախագահ Անատոլի Բիբիլովը ձեռնարկել է՝ առանց ռուսական կողմի հետ նախնական աշխատանքի, ինչը Հարավային Օսիայի և ՌԴ միջև համագործակցության մասին պայմանագրի խախտում է հանդիսանում, հայտարարել է հանրապետության գործող նախագահ Ալան Գագլոևի աշխատակազմի ղեկավար Ալան Ջիոևը։
«Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևի գլխավորած պատվիրակությունը 2022 թվականի հունիսի 14-15-ին խորհրդակցություններ է անցկացրել ՌԴ նախագահի աշխատակազմի, ՌԴ Անվտանգության խորհուրդի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդի, ՌԴ ԱԳ նախարարության հետ։ Խորհրդակցությունների արդյունքներով սահմանվել է, որ Հարավային Օսիայի նախագահ Բիբիլովի՝ 13.05.2022 թվականի հրամանագրով հայտարարված հանրաքվեն նշանակվել է առանց նախնական մշակման ու հարցը ռուսական կողմի հետ համաձայնեցնելու, ինչը հակասում է ՌԴ և Հարավային Օսիայի միջև դաշնակցային ինտեգրման պայմանագրով կողմերի պարտավորություններին»,- ասել է Ջիոևը։
Նա ընդգծել է նաև, որ ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեի աշխատանքային խումբը պետք է հստակ ձևակերպի հանրությանը ներկայացվող հարցը, երկրի ներսում հանրային քննարկումներից բացի, նաև խորհրդակցություններ անցկացնի Ռուսաստանի հետ։ Նախկին նախագահ Անատոլի Բիբիլովի առաջարկած տարբերակում, ըստ նոր իշխանության ներկայացուցչի, հստակեցման կարիք կա, այնտեղ հարցն ընդհանրական է՝ կո՞ղմ եք արդյոք Հարավային Օսիայի ու Ռուսաստանի միավորմանը, և տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, ինչը հետագայում կարող է կասկածի տակ դնել գործընթացի լեգիտիմությունը, ուստի աշխատանքը պետք է սկսել «նոր, մաքուր էջից»։
«Հանրաքվեի նախապատրաստման ուղղությամբ նոր աշխատանք է սկսվում։ Համարում ենք, որ նոր, մաքուր էջից ենք սկսում այն։ Այն նախաձեռնողական խումբը, որը կար, ավարտել է իր աշխատանքը, մեր խնդիրն է՝ ձևավորել նորը։ Ամբողջ աշխատանքը պետք է սկսել մաքուր էջից, իրավաբանորեն հիմնավորված և համահունչ Հարավային Օսիայի և ՌԴ-ի միջև դաշնակցության և ինտեգրման մասին պայմանագրին»,- ասել է Ջիոևը։