24/06/2022 21:21
Ադրբեջանի առաջարկած «սկզբունքները» խաղաղության օրակարգ չեն, Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրելու օրակարգ են․ Իշխան Սաղաթելյան
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի առաջարկած «խաղաղության» օրակարգին, որը որպես ցանկալի ապագա ներկայացնում է նաև Հայաստանի գործող իշխանությունը։ Այդ օրակարգի մասին այսօր Բաքվում կրկին խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Այս հրապարակից, ի պատասխան այսօր Ադրբեջանում հնչեցված հայտարարության, հստակ ասում ենք, որ իրենց առաջարկած կետերը, իրենց առաջարկած «խաղաղությանը» հասնելու ձգտումը խաղաղության օրակարգ չէ․ դա Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրելու օրակարգ է, որը մեր ժողովրդի կողմից անընդունելի է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Առանց Արցախի ինքնորոշման իրավունքի, տարածաշրջանում իրական խաղաղություն հաստատելն անհնար է, շեշտեց նա։
«Ադրբեջանի հայտարարած «հաշտության պայմանագիրը» և «խաղաղության» հասնելու սկզբունքները երբեք չեն կարող տարածաշրջանում բերել խաղաղություն՝ չհարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Առանց այդ իրավունքի հռչակման, առանց Արցախի անկախ կարգավիճակի, ցանկացած լուծում տարածաշրջանում բերելու է անկայունություն, ցանկացած լուծում բերելու է Արցախի հայաթափում և ցեղասպանություն։ Դա Ալիևի օրակարգն է, որը սպասարկում է Նիկոլը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած պայմանավորվածություններն անընդունելի են հայ ժողովրդի համար և առ ոչինչ են։