06/07/2022 12:09
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնն առաջիկայում ամբողջությամբ կվերանորոգվի. Նախարար
Պետության պլաններում է առաջիկայում ամբողջությամբ վերանորոգել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը, իսկ Նևրոզների կլինիկայի ծառայությունները կտեղափոխվեն հենց այդ կենտրոն, Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ըստ նրա՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, Հանրապետական անձավաբուժական կենտրոն և Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա ՓԲԸ ընկերություններին իրենց գործունեության ուղղությունը փոխելու հնարավորություն ընձեռելու և Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ ծրագրից Նևրոզների կլինիկա ՓԲԸ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ:
«Նևրոզների կլինիկայի գործունեությունը, ընդհանուր առմամբ, տեղափոխվելու է Ավան հոգեկան առողջության կենտրոն: Փորձելու ենք դրա շրջանակներում զարգացնել այս ծառայությունը՝ համապարփակ, մեկ բժշկական կենտրոնի շրջանակներում: Այդ նպատակի համար արդեն իսկ պետության կողմից հատկացվել են միջոցներ՝ վերանորոգման և վերազինման համար», - նշեց Ավանեսյանը:
ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվեց՝ եթե Նևրոզների կլինիկայի ծառայությունները տեղափոխվելու են Ավանի հոգեկան առողջության կենտրոն, ապա երկու կառույցների մեկտեղմամբ ծառայությունների հասանելիություն կլինի՞ արդյոք:
«Մենք այս պահին դեռ իրականացնում ենք մեկ ամբողջական բաժանմունքի վերանորոգում: Այդ նոր վերանորոգված բաժանմունքում է տեղակայվելու է Նևրոզների կլինիկան: Առաջիկայում պլանավորում ենք Ավանի հոգեկան առողջության ազգային կենտրոնի ամբողջական վերանորոգում», - արձագանքեց Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը վստահեցրեց՝ պատկերացնում են, որ ստացիոնար բժշկական օգնությունը պետք է լինի կենտրոնացված, որպեսզի լինեն մասնագետներով հագեցած, համապարփակ և բավականին հոսք ունեցող բժշկական կենտրոններ, որոնք ապահովում են բժշկական օգնության որակը:
Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք մասնավորեցման արդյունքում հնարավո՞ր է, որ գործազուրկների թիվն ավելանա:
«Բուժանձնակազմի զբաղվածությունը մեր հոգածության ներքո է. բոլոր աշխատողները, որոնք նոր այս կենտրոնում աշխատելու բավարար պայմաններին կհամապտաասխանեն, կտեղափոխվեն նոր կենտրոն, որևէ խնդիր չի լինի», - ասաց Ավանեսյանը: