22/07/2022 18:10
Սրանք այնքան ապիկար են բանակցությունները վարում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հավասարության նշան է դնում Լաչինի միջանցքի՝ Կյանքի ճանապարհի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև․ Մամիջանյան
Մեր բարեկամ Իրանը շատ հստակ արտահայտեց այն, ինչը որ, լավ կլիներ՝ մեր երկրի այսպես կոչված իշխանություններն ասեին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի հայտարարությանն, ըստ որի Իրանն անթույլատրելի է համարում հայ-իրանական մի քանի հազարամյա սահմանի արգելափակմանն ուղղված որևէ քաղաքականություն։
Հայկ Մամիջանյանն ընդգծեց՝ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն հայկական շահերից բխող հայտարարություններ չեն անում, այլև անպատասխան են թողնում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անընդմեջ հնչող վտանգավոր հայտարարությունները։ Մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» բացման «անհրաժեշտության» մասին թուրք-ադրբեջանական պաշտոնյաների հայտարարություններն ու նրանց հռետորաբանությունը Հայաստանի գործող իշխանությունների մեղքով են շարունակվում։
«ՀՀ սուվերեն տարածքում տարուց ավելի է՝ գտնվում են ադրբեջանցի, իսկ որոշ տեղեկություններով՝ նաև թուրք զինյալներ, իսկ բանակցային գործընթացում իշխանությունը այն խայտառակ կետում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի, մասնավորապես՝ Ադրբեջանի հռետորաբանությունը հասել է նրան, որ Լաչինի միջանցքի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև դրվի հավասարության նշան, իսկ դա միջազգային իրավունքին, տրամաբանությանը, ցանկացած գործընթացին, փաստին հակասում է, որովհետև Լաչինի միջանցքը Կյանքի ճանապարհ է, հումանիտար միջանցք է, իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պարագայում դրանցից ոչ մի կետ չի գործում։ Հիմա սրանք այնքան ապիկար են բանակցությունները վարում, որ հասել ենք նրան, որ հավասարության նշան է դրվում Լաչինի միջանցքի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև։ Սա բացառապես այս իշխանությունների բացթողումն է»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորը հիշեցրեց նաև ՀՀ իշխանությունների այն պնդումների մասին, թե հայ-թուրքական գործընթացն «առանց նախապայմանների է»։
«Արդեն երրորդ, թե չորրորդ անգամ Թուրքիայի ամենատարբեր մակարդակի պաշտոնյաներ, վերջինն՝ ԱԳՆ-ն, հայտարարում է, որ հայ-թուրքական գործընթացի ցանկացած քայլ համաձայնեցվում է Ադրբեջանի հետ։ Էլ դրա «առանց նախապայմանը» ո՞րն է։ Ես չեմ ասում, որ դրան ռադիկալ պատասխան պետք է տալ։ Դրան պետք է տալ քաղաքական պատասխան՝ Հայաստանի քաղաքական ինստիտուտներից գոնե մեկից»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Նա հավելեց՝ Ադրբեջանից ու Թուրքիայից եկող քաղաքական հայտարարություններն անպատասխան չի կարելի թողնել, դա ական է՝ նաև ապագայի համար։
«Էդ, որ ԵՊՀ ռեկտորին արգելում են ասել՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, թող մի պաշտոնյա գտնեն իրենց միջից՝ կամ ԱԺ-ում, կամ ԱԳՆ-ում, որը կարձագանքի այդ հայտարարությանը։ Այդ հայտարարությունների անպատասխան մնալը մեծագույն ական է հետագա բանակցային գործընթացի համար, երբ մեր երկիրը կներկայացնեն արժանապատիվ կառավարիչներ ու բանակցողներ»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։