01/10/2022 17:22
Telegram-ով թմրանյութ են ձեռք բերել ու տեղադրել Երևանի տարբեր վայրերում (Տեսանյութ)
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Փանիկ գյուղի երկու բնակչի։
«Ձերբակալելու պահին նրանցից մեկը՝ 46-ամյա տղամարդը, նետել է կարմիր և սպիտակ դեղապատիճի նմանվող սրվակներ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 17 գրամ քաշով մեթամֆետամինի նմանվող զանգվածներով 14 սրվակ, 46 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով 20 փաթեթ, 33 գրամից ավելի քաշով սպիտակ փոշենման զանգված, դեղահաբեր և այլն։
Ըստ ձերբակալված 38-ամյա տղամարդու՝ թմրամիջոցները 46-ամյա համագյուղացու հետ ձեռք էին բերել «տելեգրամ» հավելվածում գրանցված մի օգտատիրոջից՝ հետագայում տարբեր վայրերում տեղադրելու և յուրաքանչյուր տեղադրելուց 2000 դրամ ստանալու նպատակով։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում մայրաքաղաքի տարբեր փողոցներում հայտնաբերվել են արդեն իսկ թաքցված տարբեր քաշերով 11 սրվակ։
Ըստ նրանց՝ հայտնաբերվածները «կրիստալ» թմրամիջոց է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և նրանց հանցավոր գործունեության հետ փոխկապակցված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն»,- նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: