03/10/2022 19:46
Ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինծառայողներին գնդակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինծառայողներին գնդակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ (միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձի սպանության) և ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ մասով (միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ կամ օկուպացված տարածքում պետի, հրամանատարի, վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելը՝ ենթակայի կողմից ռազմագերու սպանությունը կանխելու համար), «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվածը հանդիսանում է առերևույթ հանցանքի մասին տեղեկություն և քրեական վարույթ նախաձեռնելու առիթ, տեղեկությունները ձեռք են բերվել հայտնի և բացահայտված աղբյուրից, դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 148-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավական գնահատական, ուստի հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 41-րդ, 173-րդ, 177-րդ և 178-րդ, 180-182-րդ հոդվածների պահանջներով որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 148-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնել քրեական վարույթ և անմիջապես ձեռնամուխ լինել նախաքննության կատարմանը»,- նշել են դատախազությունից։