04/10/2022 13:53
«Նման խոսակցություն չկա ու չի էլ կարող լինել». Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Ռուսաստանը Հայաստանի առաջ Միութենական պետության մաս դառնալու պահանջ չի դրել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Ռուսաստանը Հայաստանի առաջ Միութենական պետության մաս դառնալու պահանջ չի դրել:
«Նման որևիցե խոսակցության ես իմ ռուս գործընկերների հետ ականատես չեմ եղել, նման խոսակցություն չկա ու չի էլ կարող լինել»,-Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը՝ գուցե կա նման խոսակցություն՝ ինքը չգիտի, ԱԺ նախագահն արձագանքեց. «Բացառում եմ, որ նման բան լինի ու ես չիմանամ»:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» օրաթերթի Armtimes.com կայքն էր այսօր գրել, թե «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս»։
Նկատենք, որ կայքում, որպես հոդվածի հեղինակ, նշված է «Հավաստի աղբյուր»-ը:
Լրագրողներն ԱԺ նախագահից հետաքրքրվեցին՝ այսինքն, աղբյուրը հավաստի չի՞ համարում, ասաց. «Չէ, չեմ համարում»: