05/10/2022 17:20
Բավարարված ենք միջազգային արձագանքով՝ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ․ Փաշինյան
ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային հաջորդած միջազգային արձագանքով Հայաստանը «բավարարված է»։
«Մենք, ըստ էության, այս փուլում բավարարված ենք միջազգային արձագանքով՝ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, բայց բավարարված ենք այս պահի դրությամբ և պետք է շարունակենք մեր աշխատանքը, որ միջազգային արձագանքը լինի հետևողական»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց նաև, որ միջազգային հանրությունը հուշում է՝ ինչպես պետք է Հայաստանը լուծի իր խնդիրը։
«Պարզ է, որ, ըստ էության, ամբողջ միջազգային հանրությունը հասցեական գնահատական և հասցեական մոտավոր ճանապարհային քարտեզի նախագիծ է տալիս, պատկերացում է տալիս, թե ինչպես պիտի մենք լուծենք այս խնդիրը, ինչպես պիտի հաղթահարենք իրավիճակը»,- ասաց նա։