Հայկական Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արտերկրում շուկաներ է գրավում
10/10/2022 12:22

Հայկական Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արտերկրում շուկաներ է գրավում

Revalcon ստարտափի մշակած տեխնոլոգիան պարզեցնում է ոռոգման ամբողջ գործընթացը. աշխատանքները վերահսկվում են մոբայլ և վեբ հավելվածներով:

Համակարգը կառավարվում է հեռահար.  իրականացնում է ոռոգման գրաֆիկների համակարգում, ջրի և հոսանքի խնայողություն, մարդկային ռեսուրսի արդյունավետ բաշխում և օգտակար գործողության բարձր գործակից է ապահովում: Ամեն ինչ կառավարվում է սմարթֆոնի միջոցով: Համակարգը նաև վերահսկում է պոմպերի և փականների աշխատանքը, տեղեկություններ հավաքում դաշտից։

Գառնիում գտնվող նշի այգու ոռոգման համակարգը կառավարվում է Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիայով: Այգում նախկինում ոռոգման ջուրը խնդիր էր. անցնելով կաթիլային համակարգի ու ներդնելով ոռոգման հեռակառավարման ծրագիրը՝ գործը հեշտացավ,  արդյունավետությունն էլ բարձրացավ։

Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արդեն ներդրվել է Արցախի և Ռուսաստանի մի շարք այգիներում: Ստարտափի հեղինակները վստահ են՝ իրենց առաջարկած լուծումն ունի համաշխարհային տարածման տեսլական:

Revalcon-ը Ակբա Ֆեդերացիայի  «Ակբա Ֆելոուշիփ» ծրագրի շահառուներից է։ Ստարտափն Ակբա Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել դառնալ «Իմփաքթ Հաբի» էկոհամակարգի անդամ, որի շնորհիվ խորհրդատվություններ է ստացել տարբեր ոլորտների մենթորներից և մասնագետներից։

«Մենք քիչ մարդկային ռեսուրսներով օգնում ենք կառավարել մեծ տարածքներ, օգնում ենք խնայել թե՛ ջուրը, թե՛ էլեկտրաէներգիան և թե՛ մնացած բոլոր ռեսուրսները: Մասնակցել ենք Ակբա Ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Ակբա Ֆելոուշիփ» ծրագրին, 2021-ին հաղթել ենք: Այն մեզ հնարավորություն է տվել, որ օգտվենք ուսուցողական բազմաթիվ ծրագրերից, նաև՝ մարքեթինգային ու նոր կապերի միջոցով մեր բիզնեսը զարգացնելու հնարավորութուն: Ակբա Ֆեդերացիայի շնորհիվ կարողացել ենք մեր բիզնեսը մասշտաբային դարձնել, ընդարձակել ամբողջ Հայաստանով»,- նշում է Revalcon ստարտափի համահիմնադիր, տնօրեն Սերգեյ Բարխուդարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Հայկական Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արտերկրում շուկաներ է գրավում