Քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-իսրայելական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները
10/11/2022 10:49

Քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-իսրայելական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ Սիմոնա Հալպերինին ընդունել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարությունից հայտնում են, որ Հալպերինին ուղեկցել են Իսրայելի ԱԳՆ Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության պետ Միխալ Հերշկովիցը, Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնը և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը:
 
Հանդիպման նպատակն առողջապահության ոլորտում հայ-իսրայելական համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններն էին, որոնց շուրջ ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ:

Իսրայելական կողմի առաջարկով Իսրայելի միջազգային զարգացման «ՄԱՇԱՎ» գործակալության հետ վերապատրաստման և փորձագետների փոխանակման ծրագրերից բացի, իսրայելական առաջատար բժշկական հաստատություններում զարգացած երկրների մասնագետներին առաջարկվող հանրային առողջապահության և առողջապահական համակարգի կառավարման թեմայով կրթական ծրագրերից օգտվելու հնարավորություն կտրվի նաև հայ մասնագետներին:

Անահիտ Ավանեսյանը հատկանշել է ԱՀԿ 72-րդ Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի շրջանակներում Իսրայել կատարած իր վերջին այցը, որը լավ փորձառություն է եղել անհետաձգելի բժշկական օգնության կազմակերպման իսրայելական փորձն ուսումնասիրելու տեսանկյունից: Ելնելով դրանից` նախարարն առաջարկել է անհետաձգելի բժշկական օգնության թեմայով փորձագիտական դասընթացներ կազմակերպել Հայաստանում հայ մասնագետների համար:
Քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-իսրայելական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները