10/11/2022 12:10
Ադրբեջանի կողմից կեղծ լուրերի տարածումը նոր ագրեսիայի նախաբան է դառնում. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի նախագահը սպառնում է բոլորին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Իրանին, ԵՄ-ին, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը «կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը»։
«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը համագործակցաբար կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը ահագնացող, սպառնալիք դարձած Ադրբեջանի գործելակերպի առիթով, մանավանդ որ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին անհիմն մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Փորձը ցույց է տալիս, որ նման կեղծ լուրերի տարածումը նոր ագրեսիայի նախաբան է դառնում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը գերիների վերադարձը դարձնում է մանր սակարկության առարկա։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ Հայաստանը հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին, ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին։