Մեկնարկում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման շաբաթը
18/11/2022 12:25

Մեկնարկում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման շաբաթը

Նոյեմբերի 18-ից 24-ը Հակամանրէային դեղերի մասին իրազեկման շաբաթն է, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հակամանրէային կայունությունն առաջանում է, երբ բակտերիաները, վիրուսները, սնկերը և մակաբույծները ժամանակի ընթացքում փոփոխվում են և այլևս չեն արձագանքում դեղամիջոցներին, ինչը բարդացնում է վարակների բուժումը և մեծացնում հիվանդության տարածման, ծանր հիվանդացության և մահվան ռիսկը:

Արդյունքում հակաբիոտիկները և  հակամանրէային այլ դեղերը դառնում են անարդյունավետ, իսկ վարակների բուժումը` ավելի դժվար կամ անհնարին:

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման համաշխարհային շաբաթը գլոբալ արշավ է, որը նշվում է ամեն տարի՝ բարձրացնելու գիտակցումն ու  ըմբռնումը, որ հակամանրէային դեղերը կարևոր և արժեքավոր ռեսուրս են, ուստի դրանք պետք է օգտագործել  պատշաճ, նպատակային և միայն բժշկի  նշանակմամբ` հնարավոր բարդություններից զերծ մնալու նպատակով:

Այս տարի իրազեկման արշավն անցկացվում է «Միասին կանխարգելենք հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը» խորագրով:

Մեկնարկում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման շաբաթը