Ռեյնա. «Էնֆիլդում» քաոս է տիրում»
11/10/2010 17:40

Ռեյնա. «Էնֆիլդում» քաոս է տիրում»

«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան խոստովանել է, որ իր ակումբի հետագա ճակատագիրը հիմնականում կախված է այն հանգամանքից, թե որքան արագ այն կունենա նոր սեփականատեր:

«Դեռ վաղ է խոսել նոր սեփականատիրոջ մասին, քանի որ «Էնֆիլդում» շարունակում է քաոս տիրել: Ինձ շատ է մտահոգում ակումբի ապագան, ու ես փորձում եմ հնարավորինս լավատես լինել: Կարծում եմ` առաջիկա ամիսների ընթացքում մենք ի վիճակի ենք վերականգնել նախկին խաղամակարդակը: Ամեն դեպքում` ես այդպես եմ մտածում: Այլ հարց է, որ ֆուտբոլիստների հնարավորություններն այնքան էլ բարձր չեն` միջամտելու ակումբի գործերին»,- գրում է Goal.com-ը:

Չնայած ակումբի նախագահ Մարտին Բրոտոնի ջանքերին, «Լիվերպուլը» դեռևս չի պատկանում ամերիկյան NESV ընկերությանը: Իրավաբանորեն անգլիական ակումբի սեփականատերեր են համարվում Թոմ Հինկսն ու Ջորջ Ջիլետը: Եթե մինչև հոկտեմբերի 15-ը գործարքը չկայանա, ապա ակումբն իր բազմամիլիոնանոց պարտքերի հետ միասին կզրկվի նաև 9 միավորից` համաձայն անգլիական Պրեմիեր լիգայի կանոնադրության:

Ռեյնան չի էլ ցանկանում մտածել իրադարձությունների նման ընթացքի մասին, սակայն խոստովանում է, որ դժբախտությունը կարող է և չշրջանցել իր թիմին: «Ես հավատում եմ, որ մենք կշարունակենք հանդես գալ բարձրագույն խմբում նույնիսկ նման պատժից հետո: Ինձ համար վիրավորական է այն փաստը, որ 9 միավորի կորստի դեպքում «Լիվերպուլի» համար պայքարը բարձր տեղերի համար կդառնա անչափ դժվար»,- նշել է դարպասապահը:

Ռեյնա. «Էնֆիլդում» քաոս է տիրում»