11/02/2023 11:19
Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը շարունակում է անփոփոխ առաջնահերթություն մնալ ԱՄՆ-ի համար. Պատել
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը Ռուսաստանին մեղադրել է հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը խափանելու մեջ:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը մնում է անփոփոխ առաջնահերթություն ոչ միայն ԱՄՆ վարչակազմի, այլև պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի մասին վկայում են այդ հարցերի շուրջ նրա անմիջական շփումները Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ:
«Եվ դա այն է, ինչի վրա մենք շարունակելու ենք կենտրոնանալ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին․․․փաստն այն է, որ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խարխլեցին ջանքերը մի շարք ուղղություններով, խարխլեցին Մինսկի խմբի ձևաչափով արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»,-ասել է նա։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես հավատարիմ է մնում խաղաղությանն աջակցելու ցանկացած ուղղությամբ փոխգործակցությանը՝ լինի դա երկկողմ հիմքի վրա, լինի դա ԵՄ-ի ներսում մեխանիզմների միջոցով, լինի դա ԵԱՀԿ-ի միջոցով։
«Հարավային Կովկասում խաղաղությանը աջակցելը մեզ համար մնում է անփոփոխ առաջնահերթություն»,-հավելել է նա։