Ինչից է վրա հասել մահը. հայտնի է կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը
11/03/2023 14:24

Ինչից է վրա հասել մահը. հայտնի է կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը

Փաստաբանական խումբն այսօր ստացել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։
 
Ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ և այրվածքային շոկից»։
 
«Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
 
Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից և եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, հնարավորինս սեղմ ժամկետում, հանդես կգանք հայտարարությամբ ու կներկայացնենք տուժող կողմի դիրքորոշումներն ու անելիքները», - այս մասին հայտարարել է փաստաբան Նորայր Նորիկյանը:
 
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց,  ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության  սպան, հանդիսանալով նստեցման շրջանի  պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:

Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:

Հրդեհի հետևանքով նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

15 զինվորի մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը։

Նույն գործի շրջանակներում կալանավորվել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս-ն:

Ինչից է վրա հասել մահը. հայտնի է կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը