Երեկվա միջադեպը բանակցությունների տապալման  հետևանքով չի տեղի ունեցել. եղել է կոնկրետ սադրանք. Պաշտպանության փոխնախարար (Տեսանյութ)
12/04/2023 13:26

Երեկվա միջադեպը բանակցությունների տապալման հետևանքով չի տեղի ունեցել. եղել է կոնկրետ սադրանք. Պաշտպանության փոխնախարար (Տեսանյութ)

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո նոր ձևավորված բնագծերում՝ Սոթքից մինչև Ներքին Հանդ և այլն, բազմաթիվ դեպքեր են  գրանցվում հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև, վերջին ողբերգական միջադեպն էլ գրանցվել է երեկ:

«Ուզում եմ հասկանալ՝ բանակցություն ասվածը, որը տեղի է  ունենում հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպե՞ս է կանոնակարգվում,  ի՞նչ հրամանների, ի՞նչ որոշումների հիման վրա: Ի վերջո, ո՞վ է լիազորություններ տալիս որևէ մեկին որևէ հատվածում բանակցելու ադրբեջանցիների հետ», - դիմելով Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ հետաքրքրվեց Աբրահամյանը:

Փոխնախարարն էլ ասաց, թե որպես կանոն, եթե տեղում են կայանում բանակցություններ,  իրականացվում է  հրամանատարների միջոցով՝  ներքին  պայմանավորվածությունների հիման վրա:

 

«Որևէ ձևով հնարավոր չէ կանոնակարգել, թե որ պահին  կարող է բանակցելու  անհրաժեշտություն առաջանալ, որովհետև բանակցություն ասվածը լայն հասակցություն է ու փոքր հարցի շուրջ անգամ պայմանավորվածությունը բանակցության ձև է», - նշեց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ով է որոշում սահմանը՝ նա  ասաց, թե կա համապատասխան հանձնաժողով, որը զբաղվում է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներով,   ու սրանց շրջանակներով համապարփակ լուծում է տրվելու:

«Բայց տեղային վեճերը, որոնք երբեմն ծագում են ներկայացված քարտեզների, այլ պնդումների միջոցով, լուծվում են տեղում՝ բանակցության, պայմանավորվածության, զրույցների միջոցով», - ասաց Պաշտպանության փոխնախարարը։

Տիգրան Աբրահամյանն էլ ընդգծեց՝ եթե կա հանձնաժողով, ապա անհասկանալի է տեղում  զինվորականների կամ հրամանատարների կողմից բանակցություն վարելը:

«Փաստացի, երեկ բանակցությունների տապալման հետևանքով չորս զինծառայող  է զոհվել, հակասություն կա այստեղ», - ասաց «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղարը:

Արման Սարգսյանն էլ հակադարձեց՝ երեկվա դեպքը բանակցությունների տապալման  հետևանքով  տեղի չի ունեցել։

«Ադրբեջանցիների կողմից կոնկրետ տեղի է ունեցել  սադրանք, ակնհայտ երևում է դա նաև մեր տարածած տեսագրությունից: Երեկվա միջադեպը բացատրել իբրև բանակցության տապալում…, ուղղակի ինժեներական աշխատանքներ իրականացնողների մոտ եկել են մարդիկ  ու սադրել են, ինչի արդյունքում տեղի է ունեցել միջադեպը», - նշեց Պաշտպանության փոխնախարարը:

Երեկվա միջադեպը բանակցությունների տապալման հետևանքով չի տեղի ունեցել. եղել է կոնկրետ սադրանք. Պաշտպանության փոխնախարար (Տեսանյութ)