Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը կրող ցուցահանդեսը
03/05/2023 14:41

Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը կրող ցուցահանդեսը

Օրբելի եղբայրների տուն-թանգարանում ցուցադրվել են «ԴԵԿԿԱՐՏ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի սաների աշխատանքները:

Ցուցահանդեսը  կրում է «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը: Ցուցահանդեսին ներկայացված են կենտրոնի 6-13 տարեկան սաների նկարչական, դեկորատիվ-կիրառական արվեստի շուրջ 40 աշխատանք:

Ստեղծագործությունները նվիրված են Մխիթար Գոշի ու  Վարդան Այգեկցու  այն առակներին, որոնք ժամանակին եղել են ակադեմիկոս Հովսեփ  Օրբելու  մշտական ուսումնասիրությունների թեման։

Իր կենսագործունեության ընթացքում Օրբելին բազմիցս անդրադարձել է հայկական  միջնադարյան առակներին՝ ցույց տալով, որ դրանց հարուստ բովանդակությունը հանդիսանում է նաև հասարակական կարևոր նշանակություն ունեցող շատ հարցերի գեղարվեստական արտացոլումը։

«Ինչպես  առակը,  այնպես էլ  կյանքը,  գնահատվում   է   ոչ  թե  երկարությամբ,  այլ  բովանդակությամբ»,- նշել է ակադեմիկոս  Հովսեփ  Օրբելին։

«Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 21-ը:

Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը կրող ցուցահանդեսը