.jpg)
Արդյո՞ք ռուսական ռազմաբազան կմնա Հայաստանում, եթե Ադրբեջանի և Թուրքիայի հետ պայմանագիր ստորագրվի
Երեկ Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չի կարողացել կատարել Հայաստանի նկատմամբ ունեցած պարտավորությունները և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում դժվարություններ կան:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ միջազգային հարաբերություններում կան դժվարություններ. «Եվ քանի որ միջազգային հարաբերություններն արդեն զրոյացված են, նոր գործընթաց է գնում: Այս տարիների ընթացքում համաշխարհային նոր կարգ պետք է ձևավորվի, եթե աշխարհը վերջնականապես չոչնչանա միջուկային պատերազմի հետևանքով»:
Քաղաքագետի խոսքով՝ նոր կոալիցիաներ կձևավորվեն, որովհետև աշխարհը գնում է դեպի բազմաբևեռ համակարգի. «Ինչ վերաբերում է այդ կառույցներին՝ ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ՆԱՏՕ, դրանք բոլորը տրանսֆորմացիայի մեջ են գտնվում: Ենթադրվում է, որ նոր հարաբերություններ ու կազմակերպություններ կձևավորվեն մոտակա 2-3 տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ դժվարություններին, ապա պետք է ընդգծել, որ այն ստեղծվել է Ռուսաստանի շուրջ և հենց նույն ՌԴ-ն ՀԱՊԿ-ի հետ ունի դժվարություններ: ՀՀ-ի դժվարությունները ՀԱՊԿ-ի հետ առանձնահատուկ բան չեն, քանի որ դա չկայացած կառույց է, ինչպես ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն: Դրանք նախկին միջազգային հարաբերությունների կառույցներ են՝ 1945 թվականի պատերազմից հետո ստեղծված, և քանի որ այդ հարաբերություններն արդեն չկան, հարցականի տակ է այդ կազմակերպությունների ճակատագիրը»։
Դիտարկմանը, եթե Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության պայմանագիր կնքի՝ արդյո՞ք դրանից հետո ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի անհրաժեշտությունը կլինի և այն կմնա՝ Դանիելյանը պատասխանեց. «Նույն այդ կերպ մենք կարող ենք հարց բարձրացնել, թե ՆԱՏՕ-ի զորքերը Վրաստանում, Ուկրաինայում կլինե՞ն, թե՞ ոչ: Այդ ամեն ինչը դրված է հարցականի տակ: Նաև հարցականի տակ է դրված, թե ով ում բարեկամն է, ով, ում թշնամին է: Նույն Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց ինքը շատ դեպքերում ՆԱՏՕ-ի որոշումներին դեմ է գնում։ Այսինքն՝ մի անհասկանալի վիճակ է, և միջազգային հարաբերություններում ինչ-որ նոր «ճարտարապետություն» պետք է լինի, որպեսզի պարզվի այդ ամենը: Պարզապես, մենք այդ ամենը մեր կաշվի վրա զգում ենք»:
Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրմանը՝ քաղաքագետը նշեց, որ այդ ամենը կախված չէ միայն մեզանից ու այդ երկրներից՝ Ադրբեջանից ու Թուրքիայից։
«Եվ պատահական չէ, որ տարբեր միջնորդներ են հայտնվել՝ Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ: Դրանք բոլորն էլ տարբեր հարթակներ են, իսկ դա նշանակում է, որ շարժվում են տարբեր օրակարգերով: Հայ-ադրբեջանական այս հակամարտությունը վերաբերում է նաև այդ միջնորդներին, ու հիմնական հակասությունը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև է, այլև այդ միջնորդների՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի, ԵՄ-ի: Եվրոպայում նույնպես կան խնդիրներ: Օրինակ՝ Ֆրանսիայի նախագահն իր հայտարարություններում ինչ-որ ձևի հակասության մեջ մտավ ԱՄՆ-ի հետ»,- նշեց նա։
Դանիելյանը շեշտեց, որ ստորագրվող համաձայնագիրը կախված է գլոբալ այս գործընթացներից. «Այսինքն՝ որոշվում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան և այստեղ կա պայքար ոչ միայն մեր միջև, այլև խոշոր խաղացողների: Կարծում եմ՝ դա շատ բարդ գործընթաց է և այդքան էլ հեշտ չի նման պայմանագիր կնքելը: Երեկ էլ Վաշինգտոնում չկարողացան համաձայնության գալ, քանի որ անընդունելի կետեր կային: Դրանք մի կողմից ՀՀ-ի և Ադրբեջանի համար անընդունելի կետեր էին, մյուս կողմից՝ երկու խաղացողների: Այստեղ պետք է հաշվի առնել նաև Իրանի դերը: Եթե շատ մեղմ արտահայտվենք՝ Իրանը սառը պատերազմի մեջ է Արևմուտքի հետ, որը ցանկացած պահի կարող է վերածվել տաքի: Իսկ դա մեզ նույնպես վերաբերում է, քանի որ այդ գործողությունները կարող են լինել նաև մեր տարածքներում»: