Ինչպես կարող է իմ աղջիկը նպաստել կրկնակի դոկտոր, պրոֆեսոր հոր արդեն մայրամուտին հասած կարիերային. Արծրուն Սահակյանը հերքում է Մատենադարանի տնօրեն նշանակվելու լուրերը
05/05/2023 15:05

Ինչպես կարող է իմ աղջիկը նպաստել կրկնակի դոկտոր, պրոֆեսոր հոր արդեն մայրամուտին հասած կարիերային. Արծրուն Սահակյանը հերքում է Մատենադարանի տնօրեն նշանակվելու լուրերը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնական Էսթեր Սահակյանի հայրը՝ Արծրուն Սահակյանը Aysor.am-ի հետ զրույցում «բամբասանք» որակեց շրջանառվող տեղեկությունը, թե ջանքեր են գործադրվում իր՝ Մատենադարանի տնօրենի պաշտոնում ընտրվելու հարցում։

«Դրանք անհիմն խոսակցություններ են: Ես 50 տարի աշխատում եմ այդտեղ, Մատենադարանն ուղնուծուծով իմանալով՝ տարիների ընթացքում ձեռք եմ բերել Մատենադարանի զարգացման հեռանկար: Սակայն դրա հետ ո՞վ է հաշվի նստում: Դուք հասկանո՞ւմ եք, որ նման դեպքերը ոչ թե առաջադրելով է, ցանկանալով է, այլ գնում տեսնում են՝ ով է վաստակել այդ իրավունքը, ով է հասել այդ հմտության, նշանակում են: Կարող եք հետազոտություն անցկացնել և պարզել, թե վերջին 45 տարում Արծրուն Սահակյանն ինչ արդյունք է տվել: Մատենադարանում կուտակված կան 300-ամյա բանասիրական-պատմագիտական խնդիրներ: Ո՞վ է ձեռնարկել դա լուծելը, ո՞ւմ է հաջողվել այդ 300-ամյա խնդիրները լուծել», - ասել է նա։

Սահակյանի խոսքով՝ Մատենադարանն այսօր դիտարկում են որպես տուրիզմի, էքսկուրսիայի վայր:

Հարցին, թե ինչ խնդիրներ կան նախկին տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ, նա պատասխանեց.

«Խնդիրները պայմանավորված են ոչ պրոֆեսիոնալիզմի առկայությամբ: Ինքը, չլինելով միջնադարագետ, կողքից եկել հայտնվել է՝ դառնալով քամու բերած տնօրեն, ինչպես սովորաբար լինում է: Գործերից չհասկանալով և չկարողանալով կառավարել Մատենադարանի գիտական պրոցեսը, պարզ է, որ ամբողջ 5 տարին վատնել է՝ միայն աշխատավարձ ստանալով: Մինչև հիմա խելքի չեն գալիս և այս տեղը դիտարկում մի վայր, որտեղ կարելի է բարձր աշխատավարձ ստանալ: Եթե դրանով են մոտենում հարցին, ապա վա՛յ Մատենադարանին ու հայագիտությանը», - ասաց Սահակյանը։

Նա վստահեցրեց՝ ոչ ոքից առաջարկ չի ստացել Մատենադարանի տնօրենի պաշտոնը ստանձնելու.

«Երբեք նման բան չի եղել: Եվ այդ խոսակցությունները՝ կապված իմ աղջկա աշխատանքի հետ, շատ ծիծաղելի ու վիրավորական են: Իմ աղջիկը շատ փոքր է, նա ո՞նց կարող է կրկնակի դոկտոր, պրոֆեսոր հոր արդեն մայրամուտին հասած կարիերային նպաստել: Իմ կարիերային նպաստող կարող են լինել իմ ուսանողները, իմ անցած ճանապարհը»:

Մատենադարանի նախկին տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ կապ հաստատել չստացվեց, նա հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Ինչպես կարող է իմ աղջիկը նպաստել կրկնակի դոկտոր, պրոֆեսոր հոր արդեն մայրամուտին հասած կարիերային. Արծրուն Սահակյանը հերքում է Մատենադարանի տնօրեն նշանակվելու լուրերը