Մեր բոլորի գլխավոր նպատակը պետության ու ժողովրդի պաշտպանությունը և ռազմական անվտանգությունն ապահովելն է. 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
31/05/2023 12:25

Մեր բոլորի գլխավոր նպատակը պետության ու ժողովրդի պաշտպանությունը և ռազմական անվտանգությունն ապահովելն է. 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը։

«Շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հակառակորդը հիմնականում զբաղված է առօրյա  մարտական հերթապահության գործունեությամբ, իրականացնում է մարտական հերթապահության ապահովման խդիրներ», - ասել է նա։

Հրամանատարի խոսքով՝ 3-րդ բանակային կորպուսը ենթակա զորամասերով զբաղված է առօրյա մարտական գործունեությամբ, իրականացնում են ինչպես օրակարգով նախատեսված միջոցառումներ, այնպես էլ առօրյա մարտական հերթապահություն՝ ընդգրկելով համապատասխան ուժեր և միջոցներ։

«Մարտական հերթապահությունը գտնվում է ամենօրյա վերահսկողության տակ, պատրաստությունը ընթանում է սահմանված հաստիքային ռեժիմով և, հաշվի առնելով առկա մարտահրավերները, առօրյա ռեժիմում իրականացնում ենք և՛ անհատական պատրաստություն, և՛ ստորաբաժանումների ներդաշնակում, անցկացնում ենք համապատասխան զորավարժություններ, պարապմունքներ՝ նպատակաուղղված մարտունակության պահպանմանը», - նշել է Ցականյանը։

Նա վստահեցրել է, որ անձնակազմի, հրամանատարական կազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, պատրաստ են իրականացնել առկա ուժերով ու միջոցներով իրենց առջև դրված մարտական և առօրյա բոլոր խնդիրները։

«Մեր բոլորի գլխավոր նպատակը մեզ վստահված պատասխանատվության գոտում մեր պետության, ժողովրդի պաշտպանությունը և ռազմական անվտանգությունն ապահովելն է», - հավելել է Ցականյանը։

Մեր բոլորի գլխավոր նպատակը պետության ու ժողովրդի պաշտպանությունը և ռազմական անվտանգությունն ապահովելն է. 3-րդ բանակային կորպուսի հրամանատար