Տեղի կունենա Ռախմանինովի 150-ամյակին նվիրված համերգաշարի առաջին համերգը
11/07/2023 13:04

Տեղի կունենա Ռախմանինովի 150-ամյակին նվիրված համերգաշարի առաջին համերգը

Հուլիսի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ռուս մեծ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակին նվիրված համերգաշարի առաջին համերգը։

Համերգի ծրագրում կհնչեն Ռախմանինովի ստեղծագործությունները՝ Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի դաշնակահար Թեո Գեորգիուն, եւ Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը կներկայացվի Ալեքսանդր Ռոմանովսկու մենակատարմամբ։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ռախմանինովին նվիրված համերգաշարի բացառիկ հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Թեո Գեորգիուն նշում է, որ մեծ հույզերով է սպասում երեւանյան ելույթին։ Համերգի մյուս մենակատարի՝ Ալեքսանդր Ռոմանովսկու արվեստին հայ ունկնդիրը քաջ ծանոթ է, եւ միշտ նրա ելույթները ջերմ ընդունելության են արժանացել մեր երկրում։ Ռոմանովսկին խոստովանում է, որ կարոտել է հայ հանդիսատեսին, եւ ուրախ է վերադառնալ Հայաստան ու հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Նա նշում է, որ ունենալու ենք ջերմ երեկո՝ լի զգացմունքներով ու գեղեցիկ երաժշտությամբ։

Տեղի կունենա Ռախմանինովի 150-ամյակին նվիրված համերգաշարի առաջին համերգը