Շրջափակման պատճառով անհնար է դարձել արցախցիների մասնակցությունը համահայկական և միջազգային մրցաշարերին
22/07/2023 15:14

Շրջափակման պատճառով անհնար է դարձել արցախցիների մասնակցությունը համահայկական և միջազգային մրցաշարերին

Ըստ պլանի՝ պետք է կազմակերպվեին բազմաթիվ ճամբարներ` ոչ միայն Արցախի տարածքում, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում: Սակայն, ստեղծված իրավիճակում Արցախի տարածքից դուրս երեխաների հանգիստը կազմակերպելն անհնար է:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը՝ անդրադառնալով շրջափակման հարուցած խնդիրներին։

«Որպես այլընտրանք` մենք փորձում ենք Արցախի տարածքում կազմակերպել ճամբարներ` թեկուզ փոքր խմբերի համար,  ստեղծված իրավիճակում երեխաների առօրյան փոքր֊ինչ գունավորելու, ակտիվ հանգիստ ու ժամանց ապահովելու համար»,-նշել է նախարարը:

Անդրադառնալով շրջափակման հետևանքով սպորտի ոլորտում առաջացած խնդիրներին՝ Ն. Մկրտչյանն իրազեկել է, որ  օգոստոսի  սկզբին Արցախի մարզիկները պետք է մասնակցեին ՀՀ-ում մեկնարկող համահայկական խաղերին:

«Այն մարզիկները, ովքեր գտնվում են Արցախում, զրկված են այդ հնարավորությունից։ Արցախի ֆոտբոլի  հավաքական թիմը պետք է մասնակցեր Աբխազիայի ընտրանու հետ  հանդիպմանը, սակայն նույն պատճառով դա ևս չեղարկվեց: Արցախցի մարզիկները Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեին նաև մի շարք միջազգային մրցաշարերի, ինչը նույնպես, ցավոք, չհաջողվեց»,-իրազեկել է ԱՀ ԿԳՄՍ նախարարը:

Շրջափակման պատճառով անհնար է դարձել արցախցիների մասնակցությունը համահայկական և միջազգային մրցաշարերին